Գործընկերներ
«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամ
Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հիմնադրվել է 2014 թվականին՝ որպես «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնություն։ 2020 թվականի հունիսին Կենտրոնն ամրագրել է իր ներկայությունը Դիլիջանում՝ դառնալով «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ, որի հիմնադիր անդամներից է «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը։ 2014թ․-ից մինչ օրս Հիմնադրամը հանդիսանում է ԴՀԿ-ի հիմնական հովանավորը՝ ստեղծելով համայնքի բնակիչների բարեկեցությանն ուղղված բազմաթիվ հնարավորություններ։
Դիլիջանի միջազգային դպրոց
2014 թվականից ի վեր Դիլիջանի համայնքային կենտրոնը համագործակցում է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հետ՝ ծառայելով որպես հարթակ օտարերկրյա ուսանողների և տեղացիների համար համայնքի զարգացմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով։ Այս համագործակցության ընթացքում իրականություն ենք դարձրել 73 համատեղ մեծ ու նշանակալի նախագիծ, որոնց մասնակցություն են ունեցել ավելի քան 4940 բնակիչ (տվյալները՝ 2026թ. հունվարի 1-ի դրությամբ)։ Համատեղ իրականացված կրթական, ժամանցային, սոցիալական, մշակութային նախագծերի շարքում են՝ օտար լեզուների ուսուցանում, բանավեճի ակումբ, քննարկումներ անգլերեն լեզվով, երաժշտության և գեղարվեստի, գեղանկարչության դասընթացներ, մշակութային միջոցառումներ, ֆիլմի դիտումներ, շաբաթօրյակներ և այլ նախաձեռնություններ։ Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները բացում է համայնքի առջև Կենտրոնի միջոցով՝ հնարավորություն տալով Դիլիջան համայնքին օգտվելու դպրոցի հագեցած սպորտային հարմարություններից (լողավազան, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտ, թենիսի սեղան և այլն)։
«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակ (DVV)
«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2002 թվականին՝ դառնալով Հայաստանում մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ներդրման և զարգացման առանցքային դերակատար: «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»- Հայաստանի գործունեությունը միտված է ինչպես քաղաքականության և համակարգային փոփոխություններին, մեծահասակների կրթության նախաձեռնությունների և ծրագրերի ներդրմանը, այնպես էլ կազմակերպությունների և մասնագետների կարողությունների զարգացմանը։
2021 թվականի հունվարին Դիլիջանի համայնքային կենտրոնը դարձավ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի մեծահասկաների ուսումնառության կենտրոն (ՄՈՒԿ) Հայաստանում՝ հայտնելով իր պատրաստակամությունը համագործակցելու մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Կենտրոնը կիսում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի այն համոզմունքը, որ մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունը խթանում է մարդկանց մասնակցությունը մշակութային, սոցիալական և տնտեսական գործընթացներին, ինչպես նաև կայուն զարգացանը ու աղքատության նվազեցմանը։
Այս համագործակցության արդյունքում իրականացրել ենք 103 նախագիծ, որին մասանկից են դարձել 1744 շահառու (տվյալները՝ 2026թ. հունվարի 1-ի դրությամբ)։
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
2021 թվականի ապրիլից Դիլիջանի համայնքային կենտրոնը համագործակցում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ՝ առաջարկելով գեղանկարչության, զարդագործության, ձեռարվեստի դասընթացներ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Սյունիքի մարզի Տաթև համայնքների 6-16 տարեկան երեխաների համար։
Այս համագործակցության շրջանակում իրականացրել ենք 18 նախագիծ, որին մասնակից է դարձել 689 շահառու (տվյալները՝ 2026թ. հունվարի 1-ի դրությամբ)։
ԱՄՆ Դելավեր համալսարան
2017 թվականին Դիլիջանի համայնքային կենտրոնը դարձավ «Diamond Challenge» միջազգային մրցույթի պաշտոնական գործընկերը՝ հնարավորություն ստեղծելով հայ երիտասարդների համար մասնակցելու միջազգային ձեռնարկատիրական մրցույթին։
Այս հեղինակավոր նախաձեռնությունը, որը ստեղծվել է ԱՄՆ Դելավեր համալսարանի «Horn Entrepreneurship» ծրագրի շրջանակում,, ուղղված է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ձեռնարկատիրական մտածողության և հմտությունների զարգացմանը։
2018 թվականից սկսած, Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 576 աշակերտ ներգրավվել են մրցույթում՝ բացահայտելով իրենց ստեղծարար ներուժն ու ձեռնարկատիրական ունակությունները։ Տարբեր տարիներին հաղթող ճանաչված հինգ թիմեր պատվով ներկայացրել են Հայաստանը ԱՄՆ-ում անցկացվող եզրափակիչ փուլում՝ արժանանալով միջազգային ճանաչման։
Այս համագործակցությունը ոչ միայն ստեղծում է հնարավորություններ հայ երիտասարդների համար, այլև ամրապնդում է Հայաստանի ներկայությունը միջազգային ձեռնարկատիրական համայնքում։
Բարի գործերի օր (Good Deeds Day)
2017 թվականից ի վեր Դիլիջանի Համայնքային Կենտրոնը (ԴՀԿ) համագործակցում է «Good Deeds Day» միջազգային նախաձեռնության հետ, որն ուղղված է համայնքներում կամավորության և դրական գործողությունների խթանմանը։ Ամեն տարի այս համագործակցության շնորհիվ ԴՀԿ-ն կազմակերպում է համայնքի զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներ՝ ամրապնդելով կամավորության մշակույթը Դիլիջան համայնքում և ՀՀ մարզերում, ոգեշնչելով մարդկանց մասնակիցը լինել սեփական համայնքի զարգացման գործում։ 2017 թվականից մինչ օրս նախաձեռնությանը մասնակցել է 100-ից ավելի կամավոր, որոնց ներգրավվածությունը տարածվել է հետևյալ մարզերում՝ Տավուշ, Կոտայք, Լոռի, Սյունիք, Արագածոտն, Գեղարքունիք։
Հայաստանում ԱՄՆ Դեսպանություն
2021 թվականին Դիլիջանի համայնքային կենտրոնում իրականացվել է հնգամսյա «Դիլիջանի ներառական թատրոն» ծրագիրը՝ ԱՄՆ Դեսպանության հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն էր հաշմանդամություն ունեցող և չունեցող երիտասարդներին ներառել Դիլիջանի մշակութային և սոցիալական կյանքում, կատարողական արվեստի միջոցով բարելավել նրանց ֆիզիկական կարողությունները և ստեղծագործական ներուժը։ Ծրագրին մասնակցել են շուրջ 14 հաշմանդամություն ունեցող շահառուներ Դիլիջանի քաղաքից և հարակից գյուղական բնակավայրերից: Ծրագրի եզրափակիչ փուլում տեղի է ունեցել «Իմ կյանքի գույները» ներառական ներկայացումը, որն ուղեկցվել է լուսանկարների ցուցադրությամբ՝ ներկայացնելով ծրագրի ամբողջական պատկերը:
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակ
2025 թվականի սեպտեմբերից Դիլիջանի համայնքային կենտրոնը համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի հետ «Աջակցություն Հայաստանում Ամերիկյան Անկյունների ցանցին» ծրագրի շրջանակներում:
Այս համագործակցության շրջանակում իրականացվել է 4 դասընթաց, որին մասնակցել է 48 շահառու (տվյալները՝ 2026թ. հունվարի 1-ի դրությամբ)։
- «Անգլերեն սկսնակների համար» անվճար դասընթաց՝ 30 և բարձր տարիքի մեծահասակների համար,
- «TOEFL iBT» անվճար, առցանց նախապատրաստական դասընթաց՝ 16–24 տարեկան երիտասարդների համար,
- «Արհեստական բանականության գրագիտություն և պատասխանատու կիրառություն ուսուցիչների համար» անվճար դասընթաց,
- ԱՄՆ մշակույթի և կրթական մասին անվճար դասընթացների շարք՝ 18–25 տարեկան երիտասարդների համար:
Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուս
2014 թվականից ի վեր Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) համագործակցում է Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ՝ Երիտասարդների և համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում: Ծրագրի նպատակն է խթանել կամավորության մշակույթը Հայաստանում՝ նպաստելով երիտասարդների կարողությունների և համայնքային զարգացմանը:
2014 - 2025 թթ. ընթացքում այս համագործակցության շրջանակում կենտրոնում ծառայություն է իրականացրել 6 կամավոր, որոնցից յուրաքանչյուրը երկու տարի շարունակ ներգրավված է եղել երիտասարդների կարողությունների զարգացման, համայնքահեն նախաձեռնությունների իրականացման և կամավորական մշակույթի խթանման գործում։
Հայաստանում Լիտվայի Հանրապետության Դեսպանություն
2020 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Դիլիջանի համայնքային կենտրոնը Լիտվայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ իրականացրել է «Հզորացնելով գյուղական համայնքները» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր նպաստել գյուղական համայնքների կանանց տնտեսական զորեղացմանը։
Այս համագործակցության արդյունքում իրականացվեց 30-օրյա ուսուցման դասընթաց՝ նախատեսված Հայաստանի և Ուկրաինայի 20 կանանց համար։ Դասընթացը ներառում էր թեմաներ՝ օտարերկրյա զբոսաշրջիկների հետ շփում, Google գործիքների կիրառություն, սոցիալական մեդիա բիզնեսի համար, ապրանքային բրենդավորում, ինչպես նաև զբոսաշրջության համար անհրաժեշտ անգլերեն և ռուսերենի հիմունքներ։ Դասընթացի ավարտին Կանանց Ձեռնարկատիրական Զարգացման Ակադեմիայի 20 շրջանավարտները ձեռք բերեցին գործնական և կիրառելի հմտություններ՝ իրենց բիզնեսները զարգացնելու համար, իսկ 10 լավագույն մասնակիցները մասնակցեցին ուսումնական այցի և կարողությունների զարգացման փոխանակման ծրագրին։
«CreLab Տավուշ» արհեստագործական հարթակ
CreLab-ը արհեստագործական հարթակ է, որտեղ Տավուշի մարզի տաղանդավոր անհատները համախմբվում են՝ իրենց ստեղծագործական ներուժը բացահայտելու համար։ Նրանց առաքելությունն է զորեղացնել արհեստագործներին՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ և աջակցություն՝ բարձր որակի ձեռագործ արտադրանք ստեղծելու համար։ CreLab-ը նպատակ ունի ձևավորել ստեղծագործության, համագործակցության և տնտեսական հնարավորությունների համայնք, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս հասնել ֆինանսական անկախության։
2024 թվականի սեպտեմբերից Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) համագործակցում է «CreLab Տավուշ»-ի հետ։ Այս համագործակցության շրջանակում ԴՀԿ-ն իրականացրել է մի շարք անվճար կրթական ծրագրեր 16 տարեկանից բարձր մասնակիցների համար.
- Microsoft Office Word դասընթաց,
- Անգլերեն սկսնակների համար դասընթաց,
- Կարուձևի դասընթաց (Patchwork),
- Խոսակցական անգլերեն դասընթաց։
Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալություն
Հավատարիմ մնալով ներառական և ակտիվ համայնք ձևավորելու մեր առաքելությանը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության հետ համագործակցությամբ, ԴՀԿ-ն իրականացնում է «Թևեր» վերականգնողական նախագիծը Դիլիջան և Տաթև բազմաբնակավայր համայնքներում:
Նախագծի նպատակն է բարելավել Արցախից բռնի տեղհանաված անձանց մտավոր, ֆիզիկական և հոգեբանական առողջությունը։ 2023թ․-ից ի վեր «Թևեր» ծրագրի շահառու են հանդիսացել 271 արցախցի երեխա և նրանց 140 ծնողները։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում, կրթության ոլորտի ասպիրանտ Արևիկ Թայմիզյանը 2021 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում երեք անընդմեջ կիսամյակ անգլերեն լեզվի ուսուցման դասեր է վարել ԴՀԿ-ի ուսանողների համար: Դասավանդումն իրականացվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի լեզվական և գրագիտության չափորոշիչներին համապատասխան՝ այդպիսով ուսանողներին հնարավորություն տալով անգլերեն սովորել նույն ձևաչափով, ինչ Կալիֆոռնիա նահանգում: Երեք կիսամյակների ավարտին ուսանողները ստացել են մասնակցության վկայականներ, իսկ տիկին Թայմիզյանն ավարտել է իր մագիստրոսական ուսումը կրթության ոլորտում:
«Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղ
2024 թվականի մարտին Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը ստորագրել են Համագործակցության հուշագիր, համաձայն որի ԴՀԿ-ում իրականացվել է «Անգլերենի ուսուցում և երիտասարդների զարգացում» ծրագիրը՝ նախատեսված 18-35 տարեկան անձանց համար։
Դիլիջանի համայնքապետարան
2018 թվականին Դիլիջանի համայնքային կենտրոնի և Դիլիջանի համայնքապետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է իրականացնել Դիլիջան համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ քաղաքացիների կարողությունների զարգացման, ձեռներեցության, ոչ-ֆորմալ կրթության և սոցիալական ուղղվածության նախագծերի իրականացման ոլորտներում: