Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և հիմնադրվել է 2014թ․-ին բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։
2020թ․-ին ԴՀԿ-ը ձեռք է բերել հասարակական կազմակերպության կազմակերպաիրավական կարգավիճակ՝ «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀԿ), որի հիմնադիր անդամներն են «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan International School):
2021թ․-ին ԴՀԿ-ը դարձել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի մեծահասակների ուսումնառության կենտրոն (ՄՈՒԿ) Հայաստանում՝ հայտնելով իր պատրաստակամությունը համագործակցելու մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։
2022-2025թթ․ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում ԴՀԿ-ի կողմից ստեղծվել և գործել է առաջին մասնաճյուղը՝ ՀՀ Տավուշի մարզի մարզպետարանի հետ համագործակցությամբ։
2023թ․-ին ԴՀԿ-ը, համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի հետ, հիմնել է իր երկրորդ մասնաճյուղը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրում։ Տաթևի համայնքային կենտրոնը հիմնվել և գործում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ։
ԴՀԿ-ը հասարակական կազմակերպություն է, որը միավորում է տեղական և միջազգային նախաձեռնությունները, ինչպես նաև մարդկային ներուժի զարգացման ծրագրերը։
Տեսլական
Դիլիջանի համայնքային կենտրոնը գիտելիքի ու դրական փոփոխությունների հյուրընկալ, աջակցող, ներառող և բաց միջավայր է, որում յուրաքանչյուր ոք իրեն զգում է գնահատված և հարգված, ունի սեփական ներուժը բացահայտելու, հարստացնելու և այն իր անձնական, մասնագիտական աճի, ինչպես նաև համայնքի զարգացմանն ուղղելու ազատ հնարավորություն՝ նպաստելով ակտիվ, կենսունակ և օրինակելի համայնքի կայացմանը։
Առաքելություն
Դիլիջանի համայնքային կենտրոնի առաքելությունն է ձևավորել գիտելիքահեն, մասնակցային, ներառական և կենսունակ համայնք՝ բացահայտելով ու հզորացնելով Դիլիջան բազմաբնակավայր համայնքի, ինչպես նաև Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների ներուժը, նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը և խրախուսելով ցկյանս ուսումնառությունը։
Նպատակներ
- Մշակել մշակութային, կրթական, սպորտային, ժամանցային, համայնքահեն նախագծերի հասանելի հնարավորություններ։
- Պահպանել համայնքի պատմական, մշակութային և կրթական ժառանգությունը և նպաստել դրանց հանրահռչակմանը՝ ամենատարբեր ձևաչափերով։
- Ձևավորել կենսունակ ու դիմակայուն համայնք՝ համագործակցությունների, տարաբնույթ նախաձեռնությունների և կարիքահեն նախագծերի միջոցով։
- Խթանել համայնքի ներգրավվածությունը կազմակերպության տարեկան ծրագրերի պլանավորման և գնահատման գործընթացներում։
Մեր կազմակերպությունն առաջնորդվում է մի շարք արժեքներով՝
- Հավասար հնարավորություններ
- Համայքային և մարդկային կապիտալի հավասար զարգացում
- Քաղաքացիական ներգրավվածություն և մասնակցայնություն
- Ներառականություն
- Հաշվետվողականություն և թափանցիկություն
- Վստահություն
- Կամավորություն
- Գործընկերություն